Արագածոտնի մարզի տեսարժամ վայրեր

Արագածոտնի մարզի ամրոցները և բերդերը

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմ գյուղում է գտնվում Դաշտադեմի ամրոցը, որը նաև անվանում են Քաղնի։ Ամրոցը կառուցվել է Կամսարական իշխանական տան օրոք։ Ենթադրաբար կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում։

Դաշտադեմի ամրոցի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն, ի տարբերություն հայկական բազմաթիվ ամրոցների, չի ապավինել բնական պաշտպանությանը: Այն չունի աշխարհագրական այնպիսի նպաստավոր պայմաններ՝ ձորեր, գետեր, ժայռեր, որոնք կապահովեին նրա պաշտմանությունը: Ամրոցի ապահովությունը դրված էր իր հզոր պարիսպների վրա: Եվ, չնայած սրան, այն համարվում էր պաշտպանական ամուր կառույց։

Ամրոցի համալիրը բավականին հարուստ է եղել իր շինություններով: Տարածքում հայտնաբերվել են երկու եկեղեցի, միջնաբերդ, ջրամբարներ, Խանի պալատ, դրա երկշերտ պարիսպները: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է, որն իրենից ներկայացնում է եռահարկ շինություն, որն ամրացված է եղել իրեն բոլորող աշտարակներով։ Միջնաբերդ-դղյակը չի ունեցել պատուհաններ և լուսավորությանը միակ աղբյուրը եղել է երդիկը։ Դաշտատեմի ամրոցն ունեցել է նաև ստորգետնյա գաղտնուղիներ, որոնք տանում էին դեպի արմտյան կողմի ձորակը։

Ամբերդի ամրոց

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

Կոշի Աղջկա ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։ Հայկական մատենագրության մեջ պահպանվել են IV դարին վերաբերող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է,որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշ գյուղում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները: Այդ պատճառով Տիրանը անիծում է Արշակին և վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։

Leave a Reply