Վայոց ձորի մարզը

Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։

Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։

Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Վայոց ձորը Գեղարքունիքի մարզի հետ կապված է Վարդենյաց լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Բնական պայմանները

Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3522 մ (Վարդենիս լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735 թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ ըստ պատմական աղբյուրների Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։

Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։

Բուսական և կենդանական աշխարհը

Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700 հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ–ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։

Վայոց ձորի տեսարժան վայրերը

Նորավանք
Արենի քարանձավ
Ջերմուկի ջրվեժ
Սմբատաբերդ
Հերհերի ջրամբար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *